ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Аljazeera» պարբերականը հոդված է գրել Հայաստանի զբոսաշրջության զարգացման մասին։ «Ինչո՞ւ են ֆիլիպինցիները սիրահարվել Հայաստանին» խոսուն վերնագրով հոդվածում պատմում են, որ 2014թ-ից ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22 000-ի, ոմանք նույնիսկ հիմնվել են Երևանում։
Նյութի հեղինակը մեջբերում է Ռենատո Մարիլագի պատմությունը, որը Երևանում փոքրիկ հոսթել ունի, և վերջերս նրա ընտանիքում երեխա է ծնվել։ Նա և կինը` Մարին, հույս ունեն, որ փոքրիկը «հայավարի» կմեծանա։
Նյութի մյուս հերոսը` Էդվարդ Ռիգորը, 29 տարեկան ֆիլիպինցի է։ Նա պատմել է, որ մի քանի այլ զբոսաշրջիկների հետ միկրոավտոբուսով շրջել է Հայաստանում։ Նրանք այցելել են հին եկեղեցիներ։ Պատմում են, որ դա գարնանն է եղել, եղանակը` սառը, բոլորը ձգտել են հասնել լեռներին։ Նրանց հատկապես ապշեցրել է Ծաղկաձորի ձյունը։
«Երբ մենք հասանք այնտեղ, ճչացինք հիացմունքից։ Բոլորս նկարում և հրապարակում էինք Facebook-ում և Instagram-ում», — ասել է Էդվարդը։
Ֆիլիպինցին նշել է, որ այդ ամենը նման է եղել երջանիկ մանկության, երբ ուզում ես խաղալ ձյան հետ։
«Մենք բոլորս կարծում էինք, որ ուղղակի պետք է երջանիկ լինել և գնահատել այդ պահերը, որովհետև ով գիտի, թե երբ կրկին ձյուն կտեսնենք», — ասում է ֆիլիպինցին։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Էդվարդը հազարավոր զբոսաշրջիկներից մեկն է, որն ամեն տարի այցելում է Հայաստան։
Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեից «Ալ Ջազիրային» հայտնել են, որ 2014թ-ին Հայաստան են եկել 674 ֆիլիպինցի, 2017թ-ին Ֆիլիպիններից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը հասել է 22 000-ի։
Վերջին մի քանի տարում Երևանում բնակություն են հաստատել մոտ 30 ֆիլիպինցի։ Այս մասին հաղորդում է Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը։
Facebook սոցցանցում «Երևանի ֆիլիպինական համայնք» խումբը 1300 անդամ ունի։
Նշվում է, որ դեկտեմբերին հատկապես շատ են հյուրերը, քանի որ ֆիլիպինցիներն ուզում են ձյուն և «սպիտակ Սուրբ ծնունդ» տեսնել։ Տարվա ընթացքում նրանց համար ամենահայտնի տուրը Արագած լեռն է, որտեղ միշտ ձյուն կա։
Հայաստան այցելող ֆիլիպինցիների մեծամասնությունն աշխատում է ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում։ Պարսից ծոցի որոշ երկրներում վիզային կանոնների պատճառով արտասահմանյան աշխատողները ստիպված են հաճախ մեկնել` վիզան երկարացնելու համար։
Բայց շատերը հիմա այդ բյուրոկրատական արգելքը վերածում են ճանապարհորդությունը վայելելու հնարավորություն։
«Նախկինում մենք գնում էինք Իրանի Քիշ կղզի կամ Մասկատ (Օման), բայց հետո իմացանք, որ կարելի է Հայաստան գալ` փոխելով վիզան։ Երբեք ձյուն չտեսած ֆիլիպինցիները շատ են զարմանում այստեղ», — ասել է Էդվարդը։
Հաշվի առնելով այն, որ թռիչքի գինը սկսվում է 300 դոլարից` Հայաստանը ֆիլիպինցիների համար դառնում է ամենաէժան ուղղություններից մեկը, իսկ կրոնական ֆիլիպինական հանրության համար շատ գրավիչ է հին քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ այցելելու հնարավորությունը։
«Դուբայի համեմատ կյանքի որակն այստեղ շատ լավ է, աշխատավարձերն ավելի ցածր են, բայց կլիման լավն է, և մարդիկ են հիանալի», — ասում են ֆիլիպինցիները։
Ռենատոն հայաստանյան առաջին այցից մի քանի ամիս անց բացել է իր հոսթելի դռները։
Հիմա ամեն ամիս նրանք դիմավորում են մոտ 120 զբոսաշրջիկի և տուրեր են կազմակերպում Գառնիի տաճար, Սևանա լիճ և Խոր Վիրապ։
«Մեզ համար շատ կարևոր է քրիստոնյա լինելը, ուստի ֆիլիպինցիները չեն ցանկանում բաց թողնել պատմական եկեղեցիները, երբ գալիս են այստեղ», — ասել է Ռենատո Մարիլագը։
Նա նշել է, որ ամենաշատ պատվերները լինում են ձմռանը, երբ շատ ձյուն կա։