Արթուր Մեսչյանն ասաց` ինչ չի անի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատմեց, թե առաջին հերթին ինչով է զբաղվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մտադիր չէ փորձեր անել Երևանի արտաքին տեսքի հետ։ Այսօր քաղաքապետարանում նա այս մասին հայտնեց լրագրողներին։

«Դա տխուր հետևանքների է բերում, ես դա չեմ անելու», — ասաց Մեսչյանը` ընդգծելով, որ մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել ծայրամասերին։

Նրա խոսքով` նախևառաջ պետք է հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, ինչ լիազորություններ ունի գլխավոր ճարտարապետը, և ինչ չպետք է նա անի երբեք։

Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

«Առաջին հերթին պետք է մտածեմ քաղաքացիների մասին։ Գլխավոր առաքելությունը նրանց կյանքը թեթևացնելն է, և այդ հարցում ինձ կօգնի օրենքը», — ասաց նա։

Մեսչյանը նշեց, որ մեկ ամիս մտածել է` պաշտոնի առաջարկին համաձայնել, թե ոչ։ Նա ասաց նաև, որ իրեն պարզապես ճարտարապետ է համարում և չի սիրում «գլխավոր» բառը։

Հիշեցնենք, որ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել հոկտեմբերի 23-ին։

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստացել զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել էր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվել էր պաշտոնից և վերադարձել Բոստոն։

Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը: