ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի –Sputnik. Վրաստանի հինգերորդ նախագահի ընտրություններից կարելի է ասել խորովածի հոտ է գալիս։ Ջիմիտի գյուղ առավոտվանից մի քանի կիլոգրամ խոզի միս են բերել և խորոված խոստացել յուրաքանչյուրին, ով իր ձայնը կտա թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։
Վրաստանի քաղաքացիների համար առավոտյան ուղիղ ժամը 08:00–ին իր դռները բացեց 3703 ընտրատեղամաս։ Այս ընտրությունները Վրաստանի համար առանձնահատուկ են, քանի որ քաղաքացիները վերջին անգամ են նախագահ ընտրում։ Ի դեպ, իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սատարում է Զուրաբիշվիլիին։
«Մեզ հետ կապ են հաստատել և հայտնել, որ անհայտ անձինք խոզի միս են գյուղ բերել, որպեսզի երեկոյան խորոված պատրաստեն և հյուրասիրեն բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը կտան Զուրաբիշվիլիին, ինչպես նաև կնշեն ընտրություններում թեկնածուի հաղթանակը», – ասվում է Rustavi 2 հեռուստաալիքի հերթական լրատվական թողարկման ժամանակ։
Նշվում է նաև, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվել ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, օրինակ` Ուկրաինայում և Իսրայելում։
Նշենք, որ ժամը 10:00–ի դրությամբ Վրաստանում նախագահական ընտրությունների մասնակցությունը կազմել է 6,15%։ Արդեն իսկ ընտրել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաև նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։
Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին չի բացառել ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, թեև նշել է, որ դա քիչ հավանական է։
Այսօր առավոտյան 08:00–ին ընտրատեղամասը բացվել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատանը։
Հիշեցնենք, որ Վրաստանում հերթական նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր։ Դրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են։ Զուրաբիշվիլիից բացի նախագահի պաշտոնի համար մրցում են «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։