Տիգրան Ավինյանը politik.am-ի դեմ հայց կներկայացնի

Փոխվարչապետը իրեն զրպարտելու համար ստանալիք հնարավոր փոխհատուցումը պատրաստվում է ուղղորդել լրագրություն սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձի վճարմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Հոկտեմբեր—Sputnik. Տիգրան Ավինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել politik.am-ի դեմ:Այս մասին փոխվարչապետը տեղեկացնում է ֆեյսբուքում իր էջի միջոցով:

Նա վստահություն է հայտնել, որ ոչ ոք չի կասկածում՝  կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Բայց և հավելել է, որ պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակություն տարածող ռեսուրսներից։

«Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։

Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար»,-գրել է ՀՀ փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը, դատը շահելու և փոխհատուցում ստանալու պարագայում այդ գումարը կուղղորդի լրագրություն սովորող բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձի վճարմանը: