ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին դեռ գործ հարուցված չէ, նախապատրաստվում են նյութեր: Նյութերի արդյունքներից ելնելով նոր կկայացվի համապատասխան դատավարական որոշում», — մանրամասնել է Շիրակի մարզի դատախազը ՝ փաստելով, որ մեքենայի հրկիզման վերաբերյալ ոստիկանությանը հայտարարել է տուժածը:
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մ.Մ ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իրեն պատկանող Nissan Teana մակնիշի ավտոմեքենան՝ իրեն պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս: Ըստ տեղեկությունների վերջինս ծառայում է ՌԴ զորամասերից մեկի զինվորական հոսպիտալում: