ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն առաջնագծի գյուղերն այցելում է համարյա ամեն օր: Այս անգամ նա եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղում և աղոթքն առ աստված ուղղել սահմանի եզրին հայտնված Սուրբ Խաչ խոնարհված եկեղեցում:
Գյուտ Խաչի տոնի մասին.
Ըստ ավանդության` Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54թթ.) կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը, Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ սուրբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը` դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է:
Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում և, ըստ ավանդության, այդ առթիվ երգում. «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» (Շարականը): Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաև Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:
Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղում Գողգոթայի մոտ մի վայրում, վրան աղբ կուտակում` վայրը վերածելով աղբանոցի: 313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր (305-337 թթ.) Միլանի հրովարտակով Քրիստոնեությունը ստանում է ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. գալիս է Երուսաղեմ, և մեծ ջանքեր գործադրելով, ցանկանում գտնել Քրիստոսի Խաչը:
Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սկզբում ընդդիմանալով, վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո նա, ի վերջո, ցույց է տալիս խաչերի թաղման տեղը: Փորելով` դրանք հանում են աղբի տակից, գտնվում է անգամ Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Եվ նորից Քրիստոսի Խաչը որոշվում է կատարած հրաշքի շնորհիվ. խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը Քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում` Հուդան, որը հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար:
Հեղինե թագուհուին 335 թ. Գողգոթայում կառուցում է Սուրբ. Հարություն տաճարը, որտեղ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` այն հանդիսավորապես փառավորելով արդեն երկրորդ անգամ:
Փրկչական Խաչի գյուտի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 29-ին մերձակա կիրակի օրը: