Ավետիս Գյումրուց. հերոսի մայրը դյուցազն է մեծացնում

Գյումրիում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու  «Ավստրիական մոր ու մանկան»  հիվանդանոցում  հոկտեմբերի 27-ին 21:00 –ին  լույս  աշխարհ  է եկել  ապրիլյան քառօրյայում հերոսաբար  զոհված  Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը: Sputnik Արմենիան նախկինում անդրադարձել է Վիկտորի հերոսություններին:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց բժիշկ  Արմեն Մկրտչյանը երեխան ծնվել է  3 կգ 250 գրամ քաշով և 53  սմ  հասակով:  Ի դեպ, 3  երեխաներից նման քաշ  ունեցել է  միայն Վիկտորը, քույրն ու  եղբայրն ավելի  փոքր  էին  ծնվել:  Ծնունդը եղել է  բնական եղանակով:  «Թեև այդ  ողջ  սթրեսից մի քիչ ծննդաբերությունը բարդ էր, բայց մայրը կարողացավ հաղթահարել այն: Այս պահին մոր և  փոքրիկի  վիճակը լավ է:  Նրանք  դեռ 2 օր  էլ կմնան  հիվանդանոցում»,-նշեց բժիշկը:

Փոքրիկին  հարազատները  կանվանակոչեն  Վիկտորի անունով:  Աննա Յուզիխովիչը 42 տարեկան է, ունի մեկ որդի ու դուստր։  Աննայի խոսքով նորածինը ոչ միայն քաշով, այլ նաև արտաքինով է Վիկտորին նման:

Հիշեցնենք,  Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից հոր ընտանիքը, երբ նա 3 տարեկան էր, տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր: Վիկտորը զոհվեց դեռ 19 տարին չբոլորած:  Բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ՝ երազանքն էր: