Պանդաների հետ սելֆի չանե՛լ. Չինաստանի իշխանությունների նոր հրահանգը զբոսաշրջիկներին

Հաստատությունները, որտեղ պահվում են պանդաները, չպետք է կազմակերպեն կոմերցիոն միջոցառումներ, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին մոտենալ կենդանիներին, օրինակ, գումարի դիմաց լուսանկարվել նրանց հետ կամ կերակրել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի –Sputnik. Չինաստանի հարավ–արևմուտքում գտնվող Սիչուան գավառի իշխանությունները մեծ պանդաներ պահող արգելոցներին և կենտրոններին արգելել են կոմերցիոն բնույթի ցանկացած գործունեություն, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին մոտենալ կենդանիներին, այդ թվում՝ լուսանկարվել նրանց հետ և կերակրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Չինացիներն ապշեցնում են. աշխարհում ամենաերկար ծովային կամուրջն է կառուցվել. տեսանյութ

Նշվում է, որ Չինաստանում պանդաների պաշտպանները վաղուց էին հանդես գալիս  զբոսաշրջիկների ու հայտնի մարդկանց՝ պանդաներին մոտենալու դեմ, բացատրելով դա այն հանգամանքով, որ վերացման վտանգի տակ գտնվող կենդանիներին կարող են տարբեր հիվանդություններ փոխանցվել ։

Ինչպես գրում են չինական ԶԼՄ–ները, համացանցի օգտատերերի խոսքով, Սիչուան գավառում մեծ պանդաների բուծմամբ զբաղվող կենտրոնն իբրև թե այցելուներից 100 յուան էր գանձում պանդայի հետ լուսանկարվելու համար։ Կենտրոնն այդ տեղեկությունները հերքել է, հայտարարելով, որ միայն անասնաբուժները և գիտնականները կարող են մոտենալ կենդանիներին։

Մեծ պանդաները կամ բամբուկե արջերը պատկանում են կաթնասուն արջերի ընտանիքին, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը և հատուկ տեղ է զբաղեցնում Պեկինի դիվանագիտության մեջ։ Բացի այդ վերացող տեսակ է և գտնվում է  Չինաստանի հատուկ պաշտպանության տակ։ Այդ կենդանիներին տարբեր երկրներ ուղարկելն արդեն ավանդույթ է դարձել, ավանդույթն այդ հաճախ «պանդաների դիվանագիտություն» են անվանում։