Նախարարության SMS-ն ու Աստծու հույսը. ինչպես է գյուղացին արձագանքել ցրտահարության լուրին

Արմավիրում ու Արարատում պատրաստվում են օդերևութաբանների կանխատեսած ցրտահարությանը: Գյուղերում հավաքում են վերջին բերքը կամ ափսոսանքով այն զիջում եղանակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Արարատի և Արմավիրի մարզերում սպասվող ցրտահարության մասին մեծամորցի Արսեն Գևորգյանը տեղեկացել է գյուղատնտեսության նախարարությունից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությունից:

Арсен Геворгян

Ու թեև հիմնական բերքը հաղորդագրությունը ստանալուց հետո հասցրել է հավաքել, բայց ոչ ամբողջությամբ: Մեր այցելության պահին տնամերձ հողամասում մնացած պղպեղը, սմբուկն ու լոլիկը, նրա խոսքով, այդպես էլ մնալու են, ինչպես ինքն է ասում՝ Աստծու հույսով:

«Իհարկե 90 տոկոսը հավաքել ենք: Մնացել է մի քիչ ծիծակ, մի քիչ բադրիջան, մի քիչ էլ պոմիդոր, խակ պոմիդոր», — ասում է մեր զրուցակիցը` ցույց տալով տնամերձ հողամասը, որտեղ դեռ բավականաչափ չհավաքված բերք կա:

Հարցին, թե ինչու մնացած բերքն էլ չեն շտապում հավաքել, Արսեն Գևորգյանը պատասխանում է. «Անձրևները խանգարեցին, անակնկալ սկսեցին ու գրեթե անդադար շարունակվում են: Այս ցեխին, մի 2000 դրամի համար արժե՞ մտնել, ցեխոտվել, երբ քաղաքում այս ապրանքը 200 դրամ է, իսկ մենք 50-ով ենք հանձնում»։

Արարատի ու Արմավիրի մարզերում պատրաստվում են կանխատեսվող ցրտահարությանը

Արմավիրի ու Արարատի մարզերում մեր այցելության պահին հիմնական բերքահավաքն արդեն ավարտվել էր, բայց դաշտերում դեռ այսուայնտեղ գյուղացիները փորձում էին շտապողականությամբ փրկել դժվարությամբ աճեցված բերքը:

Անձրևի տակ իրենց հողակտորում ծաղկակաղամբ հավաքող ամուսիններն էլ հայտնեցին, որ թեև այն ցրտադիմացկուն բույս է, բայց որոշել են ռիսկի չդիմել ու մինչ կանխատեսված ցրտահարությունը, հավաքել դաշտում մնացած վերջին բերքը:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` հոկտեմբերի 27-28-ին Արարատի և Արմավիրի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի 0-ից —2, հողի մակերևույթին` —3-ից —4 աստիճանի։

«Հիդրոմետ» ծառայությունն ու գյուղատնտեսության նախարարությունն այս մարզերի բնակչությանը խորհուրդ են տվել արագացնել բերքահավաքի հետ կապված աշխատանքները։