Ստեփան Մարյանյանը խոսել է աշխարհի առաջնությունում գրանցած հաղթանակի մասին

Ըմբիշ Ստեփան Մարյանյանը ոսկե մեդալ է նվաճել Բուդապեշտում անցկացվող Աշխարհի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհի առաջնությունում ոսկի նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Ստեփան Մարյանյանն ասել է՝ ինչն է օգնել իրեն հաղթել Բուդապեշտում։Այս մասին հայտնում է championat.com–ը։

Երեք տարի առաջ Մարյանյանն իր կյանքի առաջին խոշոր հաղթանակը գրանցեց Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերում։ Դրան հաջորդեց աշխարհի առաջնության անհաջողությունը (2015 թվական), և նա բաց թողեց Ռիոյի օլիմպիադան, անցած տարի էլ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ։

«Ցանկությունը չափազանց մեծ էր։ Կարծում եմ՝ նախ դրա հաշվին հաղթեցի։ Շատ էի ուզում հաղթել։ Մրցանակակիր լինելն արդեն անհետաքրքիր էր։ Ես ուզում էի միայն չեմպիոն լինել։ Որ զգամ՝ ինչ է դա, զգամ այդ ուրախությունը։ Հուսով եմ՝ այսօր շատերին նվիրեցի այդ ուրախությունը։ Ամբողջ երկրին, Կրասնոդարի երկրամասին, իմ հարազատներին», — ասել է նա։

Մարյանյանը խոստովանել է, որ մրցակիցը՝ Էլմուրատ Տաշմուրադովը, շատ փորձառու էր և ուժեղ։ Երբ նրա պես մեկի հետ գորգ ես դուրս գալիս, ամեն ինչ որոշում է մոտիվացիան ու բնավորությունը, և այդպիսի հաղթանակով արժե հպարտանալ։

Հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին. Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ կբերի Հայաստան

Հիշելով անցած տարվա միջադեպը, երբ Մարյանյանի երկրպագուներին Փարիզում արգելել էին դրոշ բարձրացնել տրիբունայում` մարզիկն ասել է․ «Փորձում էին արգելել, բայց չստացվեց։ Իմ ընկերներն են եղել, նրանք միշտ ինձ հետ են գալիս, այդ թվում՝ Բուդապեշտ։ Նրանց չես կարող արգելել»։

Մինչև 63կգ քաշային կարգում ելույթ ունեցող ըմբիշն ասել է, որ հնարավոր է` հաջորդ տարի վերադառնա մինչև 59կգ քաշային կարգ։