Ինչու էր Երևանը կաթվածահար եղել անձրևի ժամանակ. պարզաբանում է ոստիկանությունը

Երեկ Երևանում անձրևի ժամանակ վարորդները ժամերով մնացել էին խցանումների մեջ։ Ոստիկանությունը հայտնում է, որ օրվա երկրորդ կեսին ճանապարհային պատահարների թիվը գերազանցել է նախորդ օրերի ցուցանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ, ըստ երևույթին, դա պայմանավորված է եղել եղանակային հանգամանքներով։

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են դարձել. ԱԻՆ–ը զգուշացնում է

«Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորված` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերի պահպանության և սահմանված կարգով դրանց արձանագրման համար: Դրա հետևանքով Երևանի որոշ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթևեկությունը չի կարգավորվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ բոլոր խցանված խաչմերուկներն ունեն լուսացուցային կարգավորում, և խցանումներն առաջանում են վարորդների` ճանապարհային երթևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով:

«Մասնավորապես, չեն կատարվում «Ճանապարհային երթևեկության կանոնների» 88 կետի պահանջները, համաձայն որի`արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթևեկությունը»,- հայտնում է ոստիկանությունը:

Գերատեսչությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնների բոլոր պահանջները, իսկ եղանակային բարդ պայմաններում լինել առավել կարգապահ և ուշադիր` աջակցելու համար ճանապարհային ոստիկանության աշխատանքին և նպաստելով երթևեկության անվտանգության և մասնակիցների կյանքի ու առողջության պահպանմանը: