Խոշոր ավտովթար Կոտայքում. հինգ մարդու հիվանդանոց են տեղափոխել

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է Nissan-ին և Opel-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել ։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43.4 կմ հատվածում բախվել են BMW, Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկանները և Հրազդանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, որոնք մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել, և Nissan-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի Opel-ի վարորդին, այդ ժամանակ BMW-ն մեծ արագությամբ առաջ ընթանալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին։

Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ վիրավորների մեջ վրաերթի ենթարկվածներ լինեն։