Փաշինյանը պատասխանեց Սարգսյանի մեղադրանքներին

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ինքնավստահ քաղաքականություն է վարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ, արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրանքները։

Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայաստանյան այցն ու հնչեցրած ուղերձները ցուցադրեցին ամերիկյան ուղղությամբ հայկական դիվանագիտության ֆիասկոն։

Արարատ Միրզոյանը պատասխանեց Վիգեն Սարգսյանի քննադատությանը

Փաշինյանն այլ կարծիք ունի։

«Զարմանում եմ, որ մարդիկ առնում են, ծախում են մեր անունից, ձախողվում են մեր անունից: Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է իր պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել նրան և իր բոլոր գործընկերներին: ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արտաքին քաղաքականություն», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Անդրադառնալով ղարաբաղյան թեմային ու ՀՀ ղեկավարության հասցեին հնչած մեղադրանքներին՝ Փաշինյանն ավելացրեց, որ ի տարբերություն նախորդների, այսօրվա իշխանություններին կարճ ժամանակում հաջողվել է համեմատական կայունության հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նա կրկին վստահեցրեց, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչ մի լուծում չի կարող ընդունվել, եթե այն ընդունելի չէ Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար Ալիևի հետ հանդիպումից հետո չի եկել և ուղիղ եթերով չի պատմել ժողովրդին, թե ինչ են պայմանավորվել։ Այդ պատճառով անհասկանալի է՝ ինչ պետք է ինքն անի, որ վերջ տա այդ թեմայով ասեկոսեներին ու շահարկումներին։