Արցախում արտադրվող պահածոները սիրում են նաև դրսում. ի՞նչ պահանջներ է ներկայացնում ԵԱՏՄ-ն

Արցախյան ընկերությունները շարունակում են հյութեր ու պահածոներ արտահանել Ռուսաստան, այժմ արդեն` ԵԱՏՄ-ի հնարավորություններից օգտվելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Արցախի գինին, մուրաբաներն ու հյութերը (և իհարկե, դոշաբը) ԵԱՏՄ-ից առաջ էլ, հիմա էլ վաճառվել ու վաճառվում են Ռուսաստանում: Հիմա էլ արտադրողները կարողանում են օգտվել ԵԱՏՄ ռեժիմներից: Միության այլ երկիր ներմուծման ժամանակ նրանք ԱԱՀ-ի հետաձգում են ստանում, իսկ ապրանքի սանիտարական սերտիֆիկատն այլևս կրկնակի ստուգում չի անցնում:

ԵԱՏՄ հաջողության գաղտնիքը մեկն է` հնարավորինս քիչ արգելքներ և շեղումներ. Գրիգորյան

Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ» տնտեսական ֆորումին մասնակցել էին նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչները:

«Այստեղ հանդիպել ենք Ռուսաստանի խոշոր ցանցերի ներկայացուցիչների, որոնց հետ վաղուց աշխատում ենք: Հանդիպել ենք նաև Բելառուսի ու Ղազախստանի գործընկերների հետ: Ուղղակի նրանց հիմնական հետաքրքրվածությունն այս անգամ, կարծես թե, խմիչքներն էին: Սակայն ընդհանուր առմամբ, կապը պահպանվում է, և ԵԱՏՄ երկրներում մեզ չեն ներկայացվում այնպիսի պահանջներ, որոնք մենք չկարողանայինք կիրառել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է «Արցախ ֆրութ» ընկերության տնօրեն Արմեն Ծատրյանը:

Այժմ ընկերությունը նախատեսում է ստանալ սննդի անվտանգության ISO 22000 սերտիֆիկատ, որի համար արդեն մասնագետներ է հրավիրել ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտից` մշտադիտարկում կատարելու:

«Սա մեզ թույլ կտա ընդլայնել արտահանումը նաև եվրոպական երկրներ: Փոքր քանակություններ մենք արդեն իսկ վաճառել ենք Ֆրանսիա ու Լեհաստան, բայց ուզում ենք նոր փորձեր անել», — հավելեց Ծատրյանը:

Նշենք` Եվրասիական շաբաթին մասնակցել են մոտ երկու հազար հյուր` թե՛ ԵԱՏՄ-ից, թե՛ այլ երկրներից: