Հայ հնագետները պատրաստ են ապացուցել, որ գիտնականները մեկ դար շարունակ սխալվել են

Հայաստանի տարածքում հայտնաբերված եզակի կառույցները՝ «անապատի օդապարուկները», տարածված վարկածի համաձայն, կառուցվել են որսի համար, սակայն հայ հնագետներն այլ բացատրություն են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ հնագետների հայտնագործությունը կշրջի «անապատի օդապարուկների» մասին ընդունված տեսությունը։ Ավելի քան մեկ դար համարվում էր, որ այդ կառույցները, որոնք թռչնի բարձրությունից օդապարուկներին են նման, ստեղծվել են որսի համար։

Սակայն Հայաստանում ապացույցներ են գտել, որ դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել։

Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ Մարիամ Շահմուրադյանը։

Չորս հնագետները, որոնց թվում է նաև Մարիամը, հոկտեմբերի 2-ից պեղումներ են իրականացնում Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Մասնագետներն ուզում են որոշել այդ տարածքում հայտնաբերված «անապատի օդապարուկների» ու մերձակա բնակավայրերի տարիքը։ Սա «անապատի օդապարուկներն» ուսումնասիրող առաջին զուտ հայկական գիտական խումբն է ու առաջին անգամ է աշխատանքն արվում առանց դրսի ֆինանսավորման։

«Մեր դաշտային աշխատանքի արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ դրանք կառուցվել են ոչ թե որսի, այլ պաշտամունքային-ծիսական արարողությունների համար։ Դա իսկապես կարող է շրջել «անապատի օդապարուկների» մասին ընդունված պատկերացումները», — ասաց Շահմուրադյանը։

Նրա խոսքով՝ մեկ դար շարունակ գիտնականները կարծում էին, որ այդ կառույցները որսի համար են նախատեսված եղել։ Հայ գիտնականները «անապատի օդապարուկների» մոտ հայտնաբերել են աշտարակներ՝ աստիճան հիշեցնող մասնիկներով։

Շահմուրադյանը պարզաբանեց, որ ճարտարապետական նման լուծումը բնորոշ է պաշտամունքային կառույցներին։

Եգիպտական բուրգերից հին․ Հայաստանի «Անապատի օդապարուկները» կարող են շրջել պատմությունը

«Բացի այդ, արձանիկներ են հայտնաբերվել, ինչը հաստատում է մեր տեսությունը։ Մոտակայքում գերեզմանատներ ենք հայտնաբերել», — ասաց մեր զրուցակիցը։

Հիմա հնագետներն աշխատում են «անապատի օդապարուկների» աշտարակներից մեկի վրա, որի բարձրությունը 11 մետր է։ Մարիամը պարզաբանեց, որ այդքան մեծ աշտարակներ հազվադեպ են հանդիպում։

Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մասնագետները պարզեն «անապատի օդապարուկների» տարիքը։ Նման կառույցներից ամենահինը քարե դարի է (մեր թվարկությունից առաջ XII-VI հազարամյակ)։

«Անապատի օդապարուկները» շատ մեծ չափսեր ունեցող քարե կառույցներ են: Դրանք ունեն մինչև մի քանի կիլոմետր երկարությամբ քարաշարեր, որոնք տանում են դեպի շատ մեծ մակերես (1-20 հա) ունեցող շրջապարիսպը: Շրջապարիսպներն ունեն որոշակի և իրարից տարբերվող ձևեր։ Ենթադրություն կա, որ այդպիսի կառույցներ կարող են լինել ոչ միայն Արմավիրի ու Արագածոտնի մարզերում, այլև Սյունիքում։

1 / 5
«Անապատային օդապարուկները» Արագածավանում
2 / 5
«Անապատային օդապարուկները» Արագածավանում
3 / 5
«Անապատային օդապարուկները» Արագածավանում
4 / 5
«Անապատային օդապարուկները» Արագածավանում
5 / 5
«Անապատային օդապարուկները»

Առաջին «Անապատի օդապարուկները» XX դարի 20-ական թվականներին հայտնաբերել են Թագավորական ՌՕՈւ-ի օդաչուները։ Վերևից կառույցները օդապարուկի տեսք ունեն, այդ պատճառով դրանք անվանել են օդապարուկներ, իսկ հետագայում` «Անապատի օդապարուկներ»: Այսօր «Անապատի օդապարուկներ» կան Հորդանանի Սիրիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրաքի ու Հայաստանի տարածքում։

Հայաստանի տարածքում նաև V-ձև փոքր կառույցներ են հայտնաբերվել։ Դրանք բաղկացած են տարբեր բարձրություն ու հաստություն ունեցող երկու ցածր քարե պատերից, որոնք իրարից հեռու են սկսվում ու հետզհետե մոտենում են։

«Անապատի օդապարուկների» համակարգված հետազոտությունները Հայաստանում սկսվել են 2011 թվականից։ Հայ հնագետներն իրականացնում են դա ֆրանսիացի հնագետների հետ միասին։ Սեպտեմբերից էլ հայ-հրեական խումբը զբաղվելու է V-ձև օդապարուկների ուսումնասիրությամբ։