«Միջազգային կոնվենցիաները սահմանում են, որ հակամարտող երկրներին զենքեր վաճառելը ճիշտ չի համարվում՝ անկախ այն բանից, Ամերիկայի Միացյալ Նահանգնե՞րն են, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը»,- այսօր լրագրողներին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ ամերիկյան զենքի վերաբերյալ հայտարարությանը։
«Կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ նման տիպի հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի որակյալ, հզոր ու ուժեղ, մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը, որը նաև համահունչ է Մինսկի խմբի հայտարարություններին։ Ինձ թվում է, որ իրենք ավելի շատ պետք է ձեռնպահ մնան շահագրգռելու զենք զինամթերքների մասով, պետք է ավելի շուտ գնան խաղաղ կարգավորման ճանապարհով»,-ասաց Բաղդասարյանը։
Իսկ եթե խոսքը վերաբերում է սպառազինությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, այստեղ կարևոր է մասնագետների կարծիքը։
«Լինելով ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ՝ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք Եվրամիության հետ, իսկ ԱՄՆ-ի հետ ունենք նորմալ և ջերմ հարաբերություններ: Եթե իրավիճակն այնպիսին է, որ պետք է մտածենք մեր ռազմական հզորացման մասին, այստեղ մասնագետների կարծիքներն են կարևոր, թե ինչն է նպատակահարմար և ինչպես մենք պետք է զինվենք»,- ասաց նա: