Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը

Մեկ տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը։ Այս մասին հայտնում է dni.ru-ն։Կարաչենցովի որդին հաստատել է հոր մահվան լուրը։ Դերասանը վաղը կդառնար 74 տարեկան։

Հանրահայտ դերասանը կյանքին հրաժեշտ է տվել 73 տարեկանում։ Վերջին երկու օրում դերասանը ծանր վիճակում է եղել։ Այս առավոտյան դադարել են գործել նրա երիկամները։ Այս մասին գրում է Mash տելեգրամ-ալիքը։

Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Պյոտր Կարաչենցովն էր, իսկ մայրը` բալետմայստեր և բեմադրիչ Յանինա Բրունակը:

1963 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան, որը գերազանցությամբ ավարտել է 1967 թվականին և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում: Նրա դերերը թատրոնում արժանացել են մասնագիտական բարձր գնահատականի, հատկապես Շառլ դը Կոստերի վեպի մոտիվներով Մարկ Զախարովի բեմադրած «Թիլ» ներկայացումը, որտեղ Նիկոլայ Կարաչենցովն հիանալի կերպով մարմնավորել էր Թիլ Ուլենշպիգելին: Հանրաճանաչ էր նաև նրա դերը Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացման մեջ, որտեղ Կարաչենցովը խաղում էր միանգամից երկու դեր: Նրա ամենահայտնի դերերից էր նաև կոմս Ռեզանովի դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը:

Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում: Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը: Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց: 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ: Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական:

Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում: Հաջողությամբ կրկնօրինակել է արտասահմանյան ֆիլմեր, ձայնագրվել մուլտֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և ռադիոյում: 1991 թվականին ընտրվել էր Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար: 1994 թվականին հիմնել էր «Նիկոլայ Կարաչենցովի արվեստների դպրոց»-ը, որտեղ երեխաներին սովորեցնում էին պարեր, նկարչություն, սուսերամարտ և ձիավարություն:
2005 թվականի փետրվարի 28-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք։ Հիվանդանոցում նա ենթարկվել է գանգի տրեպանացիայի և գլխուղեղի վիրահատման: Շուրջ 26 օր նա գտնվել է կոմայի մեջ: Միայն 2007 թվականի մայիսին նա կարողացավ բեմ բարձրանալ: Այնուամենայնիվ այդ ամենն ազդել էր դերասանի խոսքի վրա, որը դժվարությամբ էր վերականգնվում: Շրջակա միջավայրին նա արձագանքում էր դանդաղորեն և թույլ:

2017 թվականի փետրվարի 27-ին Նիկոլայ Կարաչենցովը կրկին ավտովթարի մեջ հայտնվեց: Այս անգամ նա ստացել էր ուղեղի ցնցում: 2017 թվականի սեպտեմբերին դերասանի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ։