«Կարևոր ընկեր տարածաշրջանում». Բոլտոնը գրել է հայաստանյան այցի մասին Twitter-ում

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Փաշինյանի և Գրիգորյանի հետ ունեցած զրույցները արդյունավետ է գնահատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Միացյալ նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստանը որակել է որպես տարածաշրջանում կարևոր ընկեր: Բոլտոնը Հայաստան կատարած այցի մասին գրառում է արել Twitter-ի իր էջում:

«Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝  կարևոր ընկեր տարածաշրջանում: Ես բավականություն ստացա ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և իր ազգային անվտանգության թիմի հետ ունեցած արդյունավետ խոսակցությունից»,- գրել է Բոլտոնը:

​Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստանում հանդիպում է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանն ու  Բոլտոնն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

Բոլտոնը հանդիպում է ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության և ԱԳ նախարարի պաշտոնակատարների հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: