ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննադատել է հանրապետության ներկայիս իշխանությունների «լուռ քաղաքականությունը»՝ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Երևանում արած ղարաբաղյան թեմատիկայով հայտարարությունների հետ։
Նշենք, որ Երևանում ճեպազրույցի ժամանակ Բոլտոնը, մասնավորապես, ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաղթեն ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ, ապա դա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլերի դիմելու լավ հնարավորություն կլինի։ «Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանի կողմից նույնպես համապատասխան արձագանք լինի», – ավելացրել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Բոլտոնը բաց տեքստով ասում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է տարածք զիջեն Ադրբեջանին։ Հանրապետականը կարծում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականն ակնհայտ ակնարկ է անում, քանի որ Փաշինյանը բարձր վարկանիշ ունի, ու նա որպես վարչապետ կընտրվի, և նա պետք է ղարաբաղյան խնդրի լուծման առաջին քայլն անի։
«Մեզ շատ հետաքրքիր է` որն է այդ առաջին քայլը։ Ու ընդհանրապես, ինչու՞ հենց հայկական կողմը պետք է առաջին քայլն անի։ Մենք միշտ խոսում էինք փոխզիջումների մասին, սակայն փոխզիջման հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանումը։ Մենք խոսում ենք փոխզիջումների մասին, սակայն դա ենթադրում է, որ Ադրբեջանն էլ է զիջումների գնալու», – ասաց Շարմազանովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
ԱԺ փոխխոսնակի խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդ պարագայում լռում, ինչու չեն ասում, որ Բաքուն տարիներ շարունակ հայատյաց քաղաքականություն է վարում, որ 2016 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական գործողություններ էր նախաձեռնել ու մշտապես տարածքային հավակնություններ է ներկայացնում բուն Հայաստանի նկատմամբ։
«Մեզ համար շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ոչ այդքան Բոլտոնի ակնարկները, որքան մեր իշխանությունների արձագանքի բացակայությունը», – ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ–ն կտրականապես դեմ է «խաղաղություն տարածքի փոխարեն» սկզբունքին, ու ասաց, որ երկրի ղեկավարությունը պետք է ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններին հստակ գնահատական տա։
Նա բողոքեց` Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի պատասխանել Բոլտոնի ուղերձներին ու չէին բարձրաձայնել Երևանի պահանջները Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության զսպման, այդ երկրի ռազմականացման վերաբերյալ։ Շարմազանովը վստահ է, որ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է Բաքուն անի։