Հայաստանը կարող է այլ զենք գնել ռազմական բալանսը պահպանելու համար. Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավարը համարում է, որ պետք է անել այն, ինչ կօգնի վերականգնել Հայաստանի ռազմական բալանսը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կողմ չէ նման հայտարարություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը կարող է նաև ԱՄՆ-ից զենք գնել, եթե դա կօգնի ռազմական բալանս պահպանել Բաքվի hետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը նշել էր, որ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել զենքի ձեռքբերումները, մասնավորապես`հօգուտ ամերիկյան զինտեխնիկայի:

«Խախտվել է սպառազինությունների բալանսը մեր և Ադրբեջանի միջև: Եվ եթե Բոլտոնն առաջարկում է մի տարբերակ, որը կօգնի վերականգնել այդ բալանսը ի շահ մեր երկրի, ապա դա ողջունելի է», — ավելացրեց Ռուստամյանը:

ՀՀԿ խմբակցության դեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ նման հայտարարությունները ավելի են լարում վիճակը: Նրա խոսքով` ընդհանրապես զենքի մատակարարումը դեպի հակամարտության գոտիներ ճիշտ չէ, և նման հայտարարությունները չեն բխում հանգուցալուծման տրամաբանությունից։