Մանվել Գրիգորյանը որոշել է իր գույքը նվիրել պետությանը

Գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով՝ գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել։

«Մենք ստացել ենք մտադրության մասին գրությունը, դեռևս հանձնում-ընդունում պետք է արվի, գրանցում ստանա որպես ՀՀ գույք»,- նշեց Բաբայանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքը գնահատվում է ավելի քան 5 մլրդ դրամ։

«Ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ, արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ» (շուրջ 12 մլն դոլար),- ասաց Բաբայանը։

«Փողային» արդարադատությունը Հայաստանում․ ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանի դեպքը յուրահատուկ

Նրա խոսքով` հիմա կառավարության որոշում է պատրաստվում, որը պետք է հիմք հանդիսանա գույքի նվիրատվության համար։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։