ՀՅԴ–ն բացառում է. Փաշինյանի մատնանշած պատգամավորն իրենց խմբակցությունից չէ

Փաշինյանն անուն չհնչեցրեց, բայց Ռուստամյանը բացառում է, որ նրա մատնանշած պատգամավորը ՀՅԴ խմբակցությունից լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած պատգամավորը, որի դեմ քրեական գործ է հարուցվել, ՀՅԴ-ից չէ։ Այսօր ճեպազրույցում լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ո՞վ է այն պատգամավորը, որի մասին խոսեց Փաշինյանը. կոնկրետ անուն է շրջանառվում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ խորհրդարանի պատգամավորներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով։

«Վարչապետը հենց ինքը խուսափեց անուն տալուց, ես որևէ անվան մասին չեմ կարող հայտարարություն անել, որովհետև չեմ տիրապետում ընթացքին»,- ասաց Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ մի կողմից կառավարությունը հայտարարում է, թե չի միջամտում դատական գործերին, բայց վարչապետի պաշտոնակատարն ամբողջությամբ տիրապետում է, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։

«Եթե վերանանք այն հարցից` ինչու վարչապետն ինքն այս հարցով հանդես եկավ, սա պետք է բնականոն գործընթաց լինի, որ որևէ պատգամավոր չմտածի, թե ինքը անձեռնմխելիությամբ պատսպարված է։ Եթե ներկայացվի համապատասխան տեղեկություն, ունենանք համոզում, որ դա ճիշտ է, երբեք չենք խոչընդոտել ու հիմա էլ չենք խոչընդոտի, որ քննությունը իրականացվի», — ասաց նա։

Դիտարկմանը՝ բացառո՞ւմ է, որ այդ անձը ՀՅԴ-ից է, Ռուստամյանն ասաց. «Միանշանակ։ Այդպիսի գործընթաց չկա և չի կարող լինել։ Եթե լիներ, մենք վաղուց կիմանայինք»:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) անունը։