Սպասեք և ամեն ինչ կտեսնեք. Սերժ Սարգսյանի կուսակցությունն արմատական ընդդիմություն կդառնա

ՀՀԿ–ն ուզում է արմատական, բայց կառուցողական ընդդիմություն դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ պատգամավորների ցուցակն արմատական, բայց կառուցողական ընդդիմության ցանկ կլինի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա. Գորգիսյան

Առաջիկա օրերին կուսակցությունը կհայտարարի` մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ։

«Իսկ ցուցակի առաջին հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»,- ասաց նա։

Լրագրողներին հետաքրքրեց` հնարավո՞ր է, որ ՀՀԿ ցուցակն ընտրություններում գլխավորի Սերժ Սարգսյանը։

«Որևէ բան առայժմ չենք կարող ասել, մենք այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին։ Կարող եմ ասել, որ մասնակցության դեպքում կուսակցության ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ քաղաքական։ Կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,- պատասխանեց Բաղդասարյանը։

Նշանակում է, որ կուսակցությունը չի ցանկանո՞ւմ գործարարների առաջադրել որպես պատգամավոր։ Բաղդասարյանն այս կապակցությամբ խորհուրդ տվեց մի փոքր սպասել։ «Սպասեք և կտեսնեք», — ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին։