Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

Տեղեկություններ կան, որ նա կեղծ պայմանագրեր է կնքել և յուրացրել համայնքի բյուջեի գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի 62-ամյա ղեկավար Ռազմիկ Մարգարյանը կասկածվում է զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ. այն կազմում է մոտ 2 մլն դրամ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ

Ըստ կայքի` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ համայնքի ղեկավարը կատարել է մի շարք չարաշահումներ:

Մարգարյանը Արմավիրի մարզում գրանցված մի շարք տնտեսվարողների հետ 2017- 2018 թվականների ընթացքում կազմել է ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման սուտ պայմանագրեր, որից հետո համայնքի բյուջեից փոխանցել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:

Այդ ամենը նա փոխանցել է, իսկ հետո մեծ մասը հետ է ստացել և յուրացրել:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ հափշտակել, դիտավորությամբ շահադիտական նպատակներով օգտագործել է պաշտոնական դիրքը և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ինչ-որ անհատ ձեռներեցի հետ նախնական համաձայնությամբ կեղծ պայմանագրեր է կնքել և աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր է կազմել և դրա միջոցով շուրջ 1 մլն 900 հազար դրամ փոխանցել է անհատ ձեռներեցին, իսկ հետո առձեռն հետ է վերցրել 1մլն 700 հազար դրամ գումարը ու այն յուրացրել: