Կար ժամանակ, երբ Հայաստանում քիչ էր մնում` ավտոտնակներում և խոհանոցներում պատրաստեին կեղծ հաբերը (օրինակ` կավիճից)։ Այդ երևույթը զանգվածային չէր, բայց կար, իսկ ինչ վերաբերում է մասշտաբներին, ապա նման հարցում նույնիսկ եզակի դեպքը կարող է անթիվ աղետների հանգեցնել։
Վերջին նման դեպքը մեզ մոտ գրանցվել է 8 տարի առաջ։ Դրանից հետո ոչ մեկին չեն բռնել կեղծ դեղորայք պատրաստելու համար, որովհետև ոչ ոք չի զբաղվում դրանով։ Այս հարցում վստահ է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը։
Նա վստահ է, որ Հայաստանում չեն կեղծում դեղերը, բայց չի բացառում արտասահմանից ներկրվող կեղծ դեղերի հնարավորությունը։ Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա մաքսանենգություն լինի։
Թոփչյանի խոսքով` բանն այն է, որ հիմա աշխարհում քչերն են զբաղվում կեղծ դեղորայք պատրաստելու ամբողջական ցիկլով։ Իսկ եթե զբաղվում են, ապա ամենից հաճախ կեղծում են բիոակտիվ հավելումները, որոնց վերահսկողությունն ավելի թույլ է, քանի որ դրանք դեղամիջոցներ չեն, իսկ ծավալով իրացումն ավելի մեծ է, քան մասնագիտացված դեղերի վաճառքը։
Այսօր չարաշահումներն ավելի հաճախ տեղի են ունենում ժամկետանց դեղերի վերափաթեթավորման դեպքում։ Ժամկետանց դեղերը չեն ոչնչացվում, այլ պարզապես նորից են փաթեթավորվում, և դրանց վրա նշվում են այլ ամսաթվեր։ Պետք է ասել, որ ժամկետանց դեղն ավելի վատ է, քան կավիճից պատրաստված անմեղ կեղծիքը. դրանից գոնե ո՛չ վնաս կա, ո՛չ օգուտ։
Ոլորտի մասնագետներին անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում կա դեղերի հատով վաճառք։ Այսինքն դեղատանը դուք կարող եք ցանկացած քանակության դեղահաբ գնել ` անկախ նրանից, թե տուփի մեջ քանի հատ է։ Մյուս երկրներում նման բան չկա, ամեն դեպքում Թոփչյանն այդ մասին տեղյակ չէ։
Բանն այն է, որ անբարեխիղճ վաճառողը կարող է վաճառել, օրինակ, հինգ հատ դեղ, իսկ տուփի մեջ, որի վրա նշված են ժամկետներ, մնացած հինգի փոխարեն դնել ժամկետանց դեղեր։ Խոստովանենք` հաճա՞խ ենք նայում վաղեմության ժամկետին, հատկապես, երբ գնում ենք երեք հաբ կամ սրվակ։
Մասնագետը վստահ է, որ կեղծ դեղերի բաժինը հայկական շուկայում մեծ չէ, համենայն դեպս այդ են վկայում կենտրոնի աշխատանքի արդյունքները։ Բայց կան այլ խնդիրներ։
Օրինակ` այսպիսի. Հայաստանում գրանցված են վեց անգամ ավելի քիչ դեղամիջոցներ, քան, օրինակ, Ռուսաստանում։ Մյուս երկրների համեմատ թվերը նույնպես տարբերվում են, և դա հաճախ հանգեցնում է ներկրման խնդիրների և Հայաստանից դուրս կոնկրետ դեղամիջոցը որոնելու անհրաժեշտության։ Այդ գործընթացը կարող է հանգեցնել չարդարացված ծախսերի և ժամանակի կորստի, ինչը որոշ դեպքերում կարող է ճակատագրական դառնալ նրա համար, ով սպասում է այդ դեղին։
Մշտապես աշխատանք է տարվում այդ հակասությունները վերացնելու ուղղությամբ, կատարվում է շուկայի մոնիթորինգ։ Ինչ վերաբերում է մենաշնորհի առկայությանը, ապա Թոփչյանն այդ առումով հանգիստ է. նրա խոսքով` Հայաստանում դեղերի ներկրմամբ զբաղվում են 5-6 խոշոր ներկրող, իսկ ոլորտում գրանցված են ավելի քան 100 ընկերություն։
Այսօր առողջապահության նախարարությունը կարող է վերահսկել գները, բայց միայն պետգնումների շրջանակում։ Դեղատներում գնագոյացումը տեղի է ունենում շուկայական տնտեսության օրենքներով և վարչական մեթոդները կարող են արջի ծառայություն մատուցել` ծնելով մի շարք խնդիրներ` ճնշում գործադրելու նախադեպ կամ այդ ոլորտից բիզնեսի հեռացում։
Ինչ վերաբերում է բարձր արդյունավետություն ունեցող դեղերին, որոնք անհրաժեշտ են հիվանդների նեղ շրջանակի համար, օրինակ` քաղցկեղով հիվանդների, ապա այստեղ անհնար է առանց պետության միջամտության։ Կրկին կօգնի պետգնումների մեխանիզմը, դեղերի անվճար անալիզը կամ անվճար գրանցումը` հաշվի առնելով, որ նման դեղերը սովորաբար թանկ են։