ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում կարծում են, որ ԱՄՆ–ը պաշտոնապես կհայտարարի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մասին 1-1,5 ամիս անց։
Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ դա հասկանալի է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հանդիպումից հետո։
«Մոսկվայում բանակցություններից, այդ թվում` նախագահ Պուտինի և Ջոն Բոլտոնի հանդիպումից հասկանալի է դարձել, որ այդ որոշումն ընդունվել է, ուղղակի կձևակերպվի շատ շուտով կամ 1-1,5 ամիս անց», – ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը չի պատասխանի այդ պայմանագրից ԱՄՆ–ի դուրս գալուն ծախսատար մեթոդներով, ինչպես դա եղել է սպառազինությունների մրցավազքի ժամանակ։