ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և բուն կողմերի շահերին։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի` Արցախի վերաբերյալ հայտարարությունը։
Բոլտոնը Երևան է ժամանել Բաքվից։ Բաքվում նա հայտարարել է, որ իր երկիրը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, կշարունակի հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Երևանում ասել է, որ ամերիկյան քաղաքականության մեջ կատարված որևէ փոփոխությունների կամ նոր լուծումներ առաջարկելու համար չի ժամանել Հայաստան։ Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, անձամբ պետք է լուծում գտնեն։
«Տվյալ դեպքում դետալային հայտարարություններ չեմ տեսել։ Բնականաբար խաղաղ կարգավորումը համապատասխանում է ԵԱՀԿ Միսնկի խմբի և կողմերի շահերին։ Ինչին մենք միշտ միտված ենք եղել», — ասել է նա։
Պատասխանելով Բոլտոնի` կովկասյան երկրներ այցելելու մասին հարցին` Զախարովան ասել է, որ դա մեկնաբանելու պատճառ չի տեսնում, քանի որ կողմերն անկախ քաղաքականություն են իրականացնում։