Չպետք է քաղաքականության վրա ազդի. Բոլտոնը խոսեց Հայաստանի «սիրիական» որոշման մասին

Բոլտոնը կարևոր է համարում այն, որ հումանիտար առաքելությունը չանդրադառնա քաղաքականության, կողմերի հարաբերությունների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Մարդասիրական առաքելությունները չպետք է որպես աջակցություն ծառայեն Սիրիայի իշխանություններին կամ ահաբեկիչներին, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը` մեկնաբանելով Հայաստանի որոշումը` Սիրիա մարդասիրական համակազմ ուղարկելու մասին։

«Այսօր ես նախագահի և խորհրդականների հետ անդրադարձել եմ այս հարցին։ ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիային։ Դա չպետք է ազդի քաղաքական հարաբերությունների վրա. մի կողմից` ռեժիմի, մյուս կողմից` ահաբեկիչների», — ասաց Բոլտոնը։

ԱՄՆ նախագահի խորհրդականն ասաց, որ իրեն Հայաստանում հավաստիացրել են, որ Սիրիա մեկնող առաքելությունը զուտ մարդասիրական է և չի պարունակելու որևէ ռազմական տարր:

Սիրիայում սպասում են հայկական մարդասիրական առաքելությանը. Գանտահարյան

«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:

Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա ուղարկվող խմբում մոտ 100 մարդ կլինի` բժիշկներ, մարդասիրական սակրավորներ, ինչպես նաև անձնակազմ, որը կապահովի նրանց անվտանգությունը։

Ավելի վաղ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել իր մարդասիրական առաքելությունը Սիրիայում` ուղղված այդ երկրում հայ համայնքի կարիքների բավարարմանը։