Հայաստանն ու Ռուսաստանը գազի մատակարարումները կհաշվեն ռուբլո՞վ

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` դեռ պետք է հասկանալ` կողմերին ձեռնտու է ռուսական ռուբլով հաշվարկելը, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել գազամատակարարումները ռուբլով հաշվարկելու հարցը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրի համաձայն` «Գազպրոմի» Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։ Հայաստանի շարքային սպառողը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 139 հազար դրամ (մոտ 290 դոլար), ոչ ապահով խավերը` 100 հազար դրամ (մոտ 210 դոլար), իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։

Նախարարը նշեց, որ ռուսական գազը ռուբլով հաշվարկելու հարցը քննարկվել էր նաև «Եվրասիական շաբաթ» համաժողովի ժամանակ։

«Պետք է հասկանալ` կողմերին որքան է ձեռնտու այդ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը։

Երեկ` հոկտեմբերի 24-ին` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ երբ ռուսաստանյան այցի ժամանակ Վլադիմիր Պուտինին հայտնել է, թե ինչ գնով է գազը վաճառվում ՀՀ քաղաքացիներին, վերջինն անկեղծորեն զարմացել է։