Սարգսյանի կողմնակիցները դեմ են «ոչ ավանդական կապերին». կառավարությունն ուսերն է թոթվում

Կառավարությունում կարծում են, որ անհրաժեշտ է պաշտպանել երեխաներին, սակայն համացանցի դարաշրջանում դժվար է բռնել խախտողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Չափազանց դժվար է երեխային պաշտպանել վնասակար տեղեկություններից։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը` մեկնաբանելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էին Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և այլ պատգամավորներ:

Պատգամավորը Փաշինյանին կոչ է անում թույլ չտալ համասեռականներին երթ անցկացնել Երևանում

Նրանց կազմած օրինագծում նշված էր. «Առաջարկվում է Երեխաների մասին 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է՝ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը, քարոզչությունն արգելվում է»։

Օրինագիծն առաջարկում է արգելել երեխայի համար վնասակար ու վտանգավոր տեղեկությունների քարոզչությունը։

Մանուկյանը նշեց, որ ներկայացված առաջարկությունը կրկնում է արդեն իսկ գործող հոդվածի 4-րդ մասի երաշխիքը: «Ներկայացված օրենքի նախագծում կան հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ, ոչ միանշանակ ընկալում։ Խոսքը վերաբերում է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ» արտահայտություններին. մեր համոզմամբ նման հասկացությունների կիրառումը լինելու է վիճահարույց», — ասաց Մանուկյանը:

Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:

«Որքա՞ն է իրագործելի այդ օրենքը, եթե կա համացանց, որտեղ երեխաներին ամեն ինչ հասանելի է։ Մի բան է, երբ երեխայի ականջին ինչ-որ մեկն ինչ-որ բան է շշնջում, այլ բան է, երբ «ինչ-որ» բանը համացանցում է հրապարակված, այն էլ` ուրիշի անվան տակ», — ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը մերժեց օրինագիծը։