Եղանակն էլի կցրտի. մանրամասները` Գագիկ Սուրենյանից

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է ցուրտ եղանակը հաստատվելու Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հանգստյան օրերին հայաստանյան ավանդաբար ամենատաք եղանակով հայտնի մարզերում` Արարատում և Արմավիրում, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև —2 աստիճան։

Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նաև մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է ցուրտ եղանակը հասնելու Հայաստան ու հաստատվելու այստեղ։

«Սկանդինավիայից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը —5 աստիճան է, Միջերկրական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +20 աստիճան: Այս երկուսը այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքի վրա բախվելու են իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ»,- գրում է Սուրենյանը` հավելելով, որ դրա հետևանքով հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում լինելու են ուժեղ քամիներ, որոնց արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի մինչև 25-30 մ/վ։

Այսօր և վաղը գրեթե ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ` առանձին շրջաններում` ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևների տեսքով:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։

Հանգստյան օրերին` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-2, հողի մակերևույթին` —3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունն այս մարզերի բնակչությանը խորհուրդ է տալիս արագացնել բերքահավաքի հետ կապված աշխատանքները։

Գագիկ Սուրենյանը նաև անցյալ տարվա լուսանկարներ է հրապարակել Գյուրմրիից ու Տավուշի մարզի Ջուջավան գյուղից։