Անձրևներին կհաջորդի ցուրտը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչներն ու հյուրերը պետք է պատրաստվեն աշնանային ցրտին։ Այս են վկայում «Հիդրոմետ» ծառայության տվյալները։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում անձրև կտեղա։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Երևանում հոկտեմբերի 25-ին անձրև կտեղա, 26-ին ժամանակ առ ժամանակ տեղացող անձրևին կգումարվի ամպրոպը։ Հոկտեմբերի 27-ից 29-ը մայրաքաղաքում տեղումներ չեն լինի, փոխարենը` արդեն ամսի 27-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +12-ից +14-ի, այն դեպքում, որ այսօր ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճանի սահմանում։