ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում հարկային և մաքսային ծառայությունների աշխատակիցներից շատերը սկսել են նոր ձևով աշխատել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ՊԵԿ 3 պաշտոնյաների կալանավորմանը։ Նա նշեց, որ իրենք անողոք պայքար են մղում կաշառակերության դեմ։
«Այսօր էլ պնդում եմ, որ համակարգային կաշառակերություն չկա, բայց առանձին դեպքերի առումով պայքար ենք մղում, բայց առանձին դեպքերի առումով պայքար ենք մղում»,- ասաց Անանյանը։
Նա կոչ արեց նոր նշանակումները կադրային զտում չհամարել։ Նրա խոսքով` դա ընդամենը աշխատակիցների ռոտացիոն նշանակում է և՛ կենտրոնական ապարատում, և՛ հատկապես տարածքային հարկային տեսչություններում։
Կոմիտեում աշխատում են մոտ 3000 մարդ, ներառյալ` ներքին անվտանգության և հետաքննությունների ծառայությունը։
ՊԵԿ նախագահը, անդրադառնալով կադրային փոփոխություններին, հայտնեց, որ իրենք այժմ կառուցվածքային փոփոխությունների փաթեթ են մշակում, որի շրջանակում վերահսկողությունը կուժեղացվի։