ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրություն անի` հաշտվել ընտրությունների հետ հին Ընտրական օրենսգրքի հիման վրա կամ անտեսել Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշումը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Փաստ է, որ եղել է իշխանափոխություն, բայց մասնակի։ Վերցվել է գործադիր իշխանությունը, բայց ոչ մնացածը, ուստի կարելի է համաձայնել Փաշինյանի հետ այն հարցում, որ «հեղափոխությունը չի ավարտվել»։ Իշխանափոխությունն ավարտելու համար պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ», – ասաց Հակոբյանը։
Ըստ սահմանադրության վարչապետին ընտրում է խորհրդարանը` մեծամասնությունը։ Հայաստանում ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ, հասկանալի է, որ վարչապետը փորձում է փոխհատուցել խորհրդարանում իր թուլությունն ընտրությունների օգնությամբ։
«Բացի այդ, նա փոխհատուցում է դա հասարակական աջակցության հաշվին։ Մենք արդեն մի քանի անգամ տեսել ենք, որ նա կարող է համախմբել իր հանրային ռեսուրսը», – ասաց Հակոբյանը։
Այդ պայմաններում խոսելով այն մասին, որ վարչապետը ճնշում է գործադրում իշխանության մյուս ճյուղի վրա, պետք է հասկանալ, որ քաղաքական համակարգում իրավիճակը հիմա ստանդարտ չէ։ Ներկա խորհրդարանը բավականաչափ քաղաքական կամքի և մարդկային համարձակության առկայության դեպքում կարող է փորձել դիմակայել գործադիր իշխանության որոշումներին։
Հակոբյանի խոսքով` պետք է միմյանցից տարանջատել ընտրությունների անցկացումը և նոր ԸՕ–ի շուրջ քվեարկության հարցը։
Բոլոր քաղաքական ուժերն, այսպես թե այնպես, համաձայնել են նրա հետ, որ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին։
«Եթե դու համաձայն ես դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հետ, նշանակում է, որ դու նաև համաձայն ես այն բանի հետ, որ չպետք է քո թեկնածուին առաջադրես վարչապետի պաշտոնում (կամ չքվեարկես առաջադրվածի օգտին)։ Նշանակում է, որ այդ հարցի շուրջ փոխզիջում կա», – ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ԸՕ–ին, ապա, քաղտեխնոլոգի կարծիքով, այն շատերի համար մնում է որպես քաղաքական սակարկության առարկա։ Այդ հարցը քաղաքական ուժերի կողմից կօգտագործվի` ընտրություններից առաջ առավելագույնս հարմար «տեղավորվելու» համար։
«Տվյալ պահին հին օրենսդրությամբ ընտրություններ անցկացնելն այդքան շատ չի ազդում կառավարության ծրագրի վրա։ Կարելի է ենթադրել, որ հին օրենսգրքով ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն կփորձի օգտագործել հին կապերը և ռեսուրսները` ձայներ ստանալու համար։ Բայց չեմ կարծում, որ դա իշխանությունների և այլ ուժերի համար կունենա ծայրահեղ նշանակություն», – նշեց Հակոբյանը։
Հակոբյանը վստահ է, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու մեջ պետք է շահագրգռված լինեն բոլոր քաղաքական ուժերը։ Եվ ամենից քիչ քաղաքական պրագմատիզմի և շահի տեսանկյունից` «Քաղաքացիական պայմանագիրը»։
Մյուս կողմից, եթե Վենետիկյան հանձնաժողովը նոր օրենսգրքի հարցում մեկ պայման է դրել` փոխզիջում, ապա հարցը միայն տեխնիկական չէ։
Ծայրահեղ դեպքում, եթե հաշվել բոլոր քաղաքական ուժերը և պատգամավորներին, որոնք հայտարարել են Փաշինյանին աջակցելու մասին, ապա կունենանք 65 խորհրդարանական։ Նոր ԸՕ ընդունելու համար պետք է ունենալ 63 մանդատ։
«Ցանկության դեպքում կարելի է համախմբել այն ձայները և ստանալ անհրաժեշտ արդյունքը։ Բայց եթե ՀՀԿ–ն համաձայն չէ, ապա քաղաքական խնդիրը (Վենետիկյան հանձնաժողովի պահանջը փոխզիջման մասին) չի լուծվում։ Այդ դեպքում նոր իշխանությունները պետք է հաշվարկեն` գնալ ընտրությունների հին օրենսգրքով և ունենալ կանխատեսելի արդյունք կամ առաջ մղել նոր ԸՕ–ը և ներքաղաքական ասպարեզում ունենալ ավելի թույլ դիրքեր», – նշեց Հակոբյանը։
Իսկ ցանկացած թուլություն կարող է օգտագործվել արտաքին խաղացողների կողմից եթե ոչ այսօր, ապա ապագայում։ Ամենայն հավանականությամբ, իշխանությունները կընտրեն չարյաց փոքրագույնը և կգնան առաջին ուղիով։
Իշխանությունները միշտ կարող են մեղադրել ՀՀԿ–ին ԸՕ քվեարկության ժամանակ «սաբոտաժի» մեջ։
ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը գումարվել է հոկտեմբերի 24-ին: Հատուկ նիստում վարչապետ չի ընտրվել, և Ազգային ժողովը ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: