Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը. դատավորները սպասում են նրա զանգին

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հիշեց անբարոյականի մասին անեկդոտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն: Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ կեսլուրջ- կեսկատակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ արդեն 5 ամիս է` ինքը Շանթ Հարությունյանին խնդրում է բանտից դուրս գալ, բայց նա չի համաձայնում` ոչ համաներումով, ոչ բաց կալանքով ռեժիմը փոխարինելով, ոչ վաղաժամկետ պայմանական ազատմամբ:

Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության փողկապ չի գտել

«Արդարացի պահանջ է ներկայացնում, ասում է` թող ինձ արդարացնեն»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ դրանով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ վարչապետը, այլ նրա փաստաբանները:

Վարչապետի թեկնածուն ասաց, որ իրեն կհակադարձեն` ինչպե՞ս է` անարդարություն գործելու համար զանգում, ասում էին, հիմա արդարություն գործելու համար չեն ասում: Նա ընդգծեց` կարելի է ամեն ինչ սկսել լավ նպատակներով, զանգել, հետո հարցուփորձը կշարունակվի, հետո կտեսնես, որ ոչ մի դատավոր առանց քեզ չի շարժվում:

«Ես առաջին օրից բախվել եմ այդ երևույթին: Ես մտել եմ վարչապետի սենյակ ու ինձ անընդհատ մեսիջներ են եկել, որ դատավորները սպասում են իրենց ասեն, թե ինչ պետք է անեն: Ասել եմ` ես չեմ ասելու»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ցանկություն չունի վերադառնալ նախկինում գործող կարգին, և հիշեց հայտնի անեկդոտն այն մասին, երբ անբարոյականին հարցնում են, թե ինչպես դարձար այդպիսին, ասում է` քեզ պես հարցուփորձ անելով:

Հիշեցնենք` 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել:

Երթը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախման։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։ «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեցին 14 մարդ։ Այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը: