ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:
Ընդունված փաստաթուղթը արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում և հարցերում դիրքորոշումներ:
Մասնավորապես, փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի առնչությամբ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն՝ խուսափելու ներքաղաքական դաշտում լարվածության աճից, զերծ մնալ ատելության խոսքի ցանկացած դրսևորումներից, անհանդուրժողականությունից և բռնությունից՝ նպատակ ունենալով չթուլացնել երկրի կայունությունը և հասարակական համախմբվածությունը: Կոմիտեն նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ժողովրդավարության, արդարության և թափանցիկության մթնոլորտում՝ բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն իրականացնելու իրենց նախընտրական քարոզարշավները հանգիստ պայմաններում: Փաստաթղթում նշվում է, որ Ազգային ժողովին պետք է տրվի հնարավորություն Սահմանադրության շրջանակում իր գործառույթներն իրականացնելու համար: Կոմիտեն նաև հիշեցնում է Սահմանադրությանը համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կարևորությունը:
Այս համատեքստում փաստաթուղթը նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրականացնելու Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ըստ անհրաժեշտության դիմել նաև միջազգային հանրության աջակցությանը, օրինակ Եվրոպական միությանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին՝ կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետևանքով մարդկային շարունակական կորուստների համար: Փաստաթղթում նաև նշվում է, որ կոմիտեն խորը ափսոսանք է հայտնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետ կապված, ինչը խլում է թե զինծառայողների և թե քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերից, խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կոմիտեն նաև ընդունում է այն, որ ներկայիս ստատուս քվոն ոչ ընդունելի է ու ոչ էլ կայուն և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Փաստաթղթում գործընկերության կոմիտեն վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, ինչը նշված է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում. մասնավորապես, խոսքը վերաբերում է այն նպատակներին եւ սկզբունքներին, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:
Ընդունված եզրափակիչ հայտարարությամբ Կոմիտեն կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցների ու նորացված երկխոսության՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև կայունացնել անվտանգային իրավիճակը և խթանել ավելի կառուցողական մթնոլորտ հետագա բանակցությունների համար՝ նպատակ ունենալով հակամարտության խաղաղ կարգավորումը:
Գործընկերության կոմիտեն նաև վերահաստատում է իր ողջ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես առաջարկված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչն իր աջակցությունն է ստանում Եվրոպական միության ու Եվրոպական խորհրդարանի կողմից:
Ընդունված փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում Կոմիտեն հիշեցնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը ու կոչ է անում ԵՄ անդամ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոմիտեն նաև առանձնացնում է այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցը վերջին տարիներին դարձել է Թուրքիայում բաց և հանրային բանավեճերի առարկա: