Մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը դարձյալ կառաջադրվի

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ԱԺ հատուկ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում խոսեց խորհրդարանը ցրելու հաջորդ ընթացակարգային քայլի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ մեկ շաբաթ հետո դարձյալ կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Այս մասին այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցով քվեարկության ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Սահմանադրությամբ նախատեսված գործընթացին` խորհրդարանը լուծարելուց հետո նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Փաշինյանը հայտարարեց, որ անկախ նրանից` նոր, թե հին օրենսգրքով կանցնեն դրանք, կլինեն արդար, ազատ ու ժողովրդավարական կանոններով:

«Անարդար ընտրություններ կազմակերպելու շանս չկա: ՏԻՄ ընտրությունները հնով չեն եղե՞լ, Երևանի ավագանու ընտրությունները հնով չեն եղե՞լ, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մի քվեաթերթիկի ձայն է կեղծվել»,- հարցին հարցով հակադարձեց վարչապետի պաշտոնակատարը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին` որ խմբակցության անդամն է կաշառքի փաստով քրեական գործում ներգրավված պատգամավորը, որի մասին այսօր հայտարարեց նա ԱԺ ամբիոնից: Նիկոլ Փաշինյանը, սակայն, չցանկացավ բացել փակագծերը:

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետ: 1 պատգամավոր դեմ քվեարկեց, 11-ը` ձեռնպահ: Մյուսները չմասնակցեցին քվեարկությանը: Մինչ այդ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը, «Ելքն» էլ հայտարարեց, որ ձեռնպահ կքվեարկի: