Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության փողկապ չի գտել

Փաշինյանը բացատրեց` ինչու է տնտեսությունն անկում ապրում Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ այն ամենը, ինչով ինքն այսօր ներկայացել է խորհրդարան, հայկական արտադրության է: Միայն փոխկապը հայկական չէ:

«Ճիշտն ասած` չեմ կարողացել գտնել»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հայաստանյան տնտեսության հիմնասյուներից մեկը համարում է տեքստիլ արդյունաբերությունն ու բարձրտեխնոլոգիական ոլորտը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նաև բարձրտեխնոլոգիական ժամացույց կունենա` հայկական արտադրության:

Տնտեսության երրորդ սյունն էլ, ըստ Փաշինյանի, պիտի լինի տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը: Մինչդեռ այսօր Հայաստանի տնտեսությունը հիմնված է 3 այլ ճյուղերի վրա` ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և խաղային ու խաղադրույքային ոլորտներ:

Ի՞նչ արժեն Նիկոլ Փաշինյանի ժամացույցները. վարչապետի համար զեղչ են արել

Փաշինյանի խոսքով` ՀՀ նոր իշխանությունը խնդիր է դրել փոխելու տնտեսության այդ կառուցվածքը, և այն այժմ գտնվում է այդ անցումային փուլում:

«Հնից նորին անցնելու ընթացքում լինում է մի ժամանակ, երբ հինն անկում է ապրում, նորը դեռ կայացած չէ: Այսօր այդ փուլն է, ու մեր տնեսությունն անկում է ապրել անխուսափելիորեն: Արտահերթ ընտրությունների կարևորությունը նաև քաղաքական ու տնտեսական հեռանկար ստեղծելն է, որպեսզի ներդրողները կարողան վստահ լինեն: Առավել ևս` օտարերկրյա ներդրողներն այս իրավիճակում ռիսկի չեն դիմի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հայաստանյան տնտեսության այդ տրանսֆորմացիան պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարով և շուտափույթ արդյունքների չսպասել:

Հիշեցնենք` այս պահին Ազգային ժողովում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով նիստը, և  Նիկոլ Փաշինյանը պատասխանում է իրեն ուղղված հարցերին։