Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու ՌԴ–ի, ԱՄՆ–ի, Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայ- ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել, որքան այսօր: Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Հետո մեզ սկսեցին մեղադրել Ռուսաստանին ծախվելու մեջ և ասել` այ, Ռուսաստանին ծախվեցինք, ուրեմն Արևմուտքի, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները լրիվ ձախողվեցին: Թույլ տվեք ասել, եվրոպական մեր գործընկերների հետ ևս նախկինում վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հիշեցրեց, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան, և համոզմունք հայտնեց, որ արդյունքում նույնպիսի վստահության մակարդակ կձևավորվի նաև ԱՄՆ-ի հետ:

Իսկ գաղտնիքն, ըստ Փաշինյանի հետևյալն է. «Իշխանությունը ներկայացնում է իր ժողովրդին, թե չի ներկայացնում»:

Այդուհանդերձ, Փաշինյանը նաև ընդգծեց, որ արտաքին քաղաքականության օրակարգում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնցից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են:

Նա պատգամավորներին հայտնեց, որ Դուշանբեի հանդիպումից հետո Իլհամ Ալիևի հետ ստեղծվել է օպերատիվ կապ, որը ոչ թե բանակցելու, այլ հրատապ խնդիրներին արձագանքելու համար է: