Տնտեսական աճի մասին նախկին բոլոր պնդումները ֆեյք են. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի ապագան գյուղատնտեսության ու ՏՏ ոլորտի զարգացումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մեր տնտեսական աճի մասին բոլոր պնդումները նախկինում եղել են ֆեյք պնդումներ: Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսությունը եղել է հետևյալը` մենք մեր ընդերքը քանդել ենք, ասել` արտահանում ունենք: Ով ասես, այդպես կարտահանի: Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, մենք ուզում ենք կայուն տնտեսական հիմքի վրա դնել մեր երկիրը: Մենք ուզում ենք մեր երկիրը դարձնել բարձր ագրարային տնտեսությամբ տեխնոլոգիական երկիր` բարձր աշխատավարձերով»,- ասաց Փաշինյանը:

Այս ճանապարհին, նրա խոսքով, տնտեսական աճի ժամանակավոր անկումն անխուսափելի է: Բայց անշարժ գույքի շուկայում գների բարձրացումը, ըստ Փաշինյանի, արդեն իսկ տնտեսական բավարար միջավայրի առկայության վկայություն է:

Սնանկացած «Միկան» կփոխարինվի շուկայի այլ խաղացողով. Փաշինյանը` բենզալցակայանների մասին

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին` Փաշինյանը հիշատակեց Թեղուտի հանքը, որտեղ 380 մլն դոլարի վարկ ստացած ընկերությունը Հայաստանի անտառների մի հատվածը ոչնչացնելուց հետո այսօր դադարեցրել է աշխատանքը:

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված վիճակն էլ, որքան էլ վատ ազդի Հայաստանի ներդրումային ֆոնի վրա, բայց մինչև չապացուցվի, որ անվտանգ է Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, հանքը չի շահագործվի:

Փաշինյանը փաստեց նաև,որ ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՀՀ տնեսությունը թռիչքային աճ էր արձանագրել: Բայց երբ մասնագետներն ուսումնասիրել էին դրա կառուցվածքը, պարզվել էր, որ այն բացառապես խաղադրույքների վրա է հիմնված եղել:

«Այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Հայաստանի ապագան գյուղատնտեսության ու ՏՏ ոլորտի զարգացումն է: