Սնանկացած «Միկան» կփոխարինվի շուկայի այլ խաղացողով. Փաշինյանը` բենզալցակայանների մասին

Փաշինյանը հույս ունի, որ շուկայում նոր խաղացողներ ի հայտ կգան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Սնանկացած ու այսօր չգործող «Միկա» բենզալցակայաններով կան հետաքրքրվողներ, այդ թվում` արտասահմանյան ներդրողներ: Այս մասին այսօր ԱԺ-ում, հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում այս պահին կան բազմաթիվ չգործող բենզալցակայաններ: «Միկա» ընկերության բենզալցակայանների ամբողջ ցանցն այսօր կանգնած է: Դրա նկատմամբ կան կոնկրետ հետաքրքրություններ, և ես հույս ունեմ, որ նոր խաղացողներ ի հայտ կգան շուկայում»,- ասաց նա:

Բայց ոլորտում, ըստ Փաշինյանի, կան այլ խնդիրներ: Օրինակ` թեև սարքերը ցույց են տալիս, որ 10 լիտր բենզին է լցվել ավտոմեքենայի բաք, բայց Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ իրականում դա այդպես չէ:

Միքայել Բաղդասարովը դեմ չէ բիզնեսով զբաղվել Հայաստանում. «Ժողովուրդ»

«Դա պետության պարտավորությունն է` ապահովել, որ 10 լիտրը լինի 10 լիտր, 1 կգ-ը` 1 կգ: Էական է, ոչ թե այն գինը, որ փակցված է, այլ դրա տակ թաքնված իրական ծավալը: Որովհետև գների այնպիսի տատանում կարող են լինել, որ մենք առաջին հայացքից չֆիքսենք, բայց մարդկանց գրպանի վրա դա էական ազդեցություն ունենա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ հեղափոխության նպատակը ունեցվածքի վերաբաշխումը չէ: «Որևէ մեկից այսօր բիզնես չի խլվել ու չի խլվելու»,- վստահեցրեց վարչապետի թեկնածուն` հավելելով, որ բոլոր գործարարներն իրենց Հայաստանում պիտի ապահով զգան:

Նշենք` «Միկա» բենզալցակայանները պատկանում էին հանրահայտ գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը սնանկ ճանաչվեց 2015թ-ին։