ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով խորհրդակցությունները շարունակվում են. ԱԳՆ

Կազմակերպության կանոնակարգում գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը չի եղել, կողմերը որոշում են` ինչ մեխանիզմ մշակել դրա համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ տարբեր կառույցներում շարունակվում են խորհրդակցությունները` գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցի վերաբերյալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Հարցի վերաբերյալ դեռ նորություն չկա։ Պետք է նշել, որ ՀԱՊԿ համապատասխան կառույցներում խորհրդակցությունները շարունակվում են։ Դրանք վերաբերում են կազմակերպության կանոնակարգի շրջանակում կոնսենսուս գտնելուն», — ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ կանոնակարգով նման իրավիճակ` գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց, նախատեսված չէր։ Խորհրդակցում են այդ մեխանիզմի շուրջ։

Հանրությունն արդյունքների մասին կիմանա, երբ խորհրդակցությունների արդյունքները ներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի նիստին։

Յուրի Խաչատուրովի գործը չպետք է ազդի ՀԱՊԿ հեղինակության վրա. Մնացականյան

Ավելի վաղ Մնացականյանը նշել էր, որ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործը զուտ ներհայկական հարց է։ Նա վստահեցրել էր, որ արվում է ամեն բան, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չազդի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: