Գյումրու քաղաքապետը գործարանը չի վաճառում. քաղաքապետարանը հերքում է լուրը

Գյումրու քաղաքապետարանը վստահեցնում է, որ ԶԼՄ–ներն ապատեղեկատվություն են տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու քաղաքապետարանը հերքել է լուրն այն մասին, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառում է իր գարեջրի գործարանը։

«Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում, և տարածվող տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ անցնող տարիների ընթացքում համանման խոսակցություններ պարբերաբար տարածվել են լրատվական տարբեր կառույցների միջոցով:

«Այստեղ ակնհայտ է որոշ շրջանակների ձեռագիրը, որոնք արդեն քանի տարի է, ինչ տառապում են Գյումրին իրենցով անելու մոլուցքով»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` «Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, թե Գյումրու քաղաքապետի հարցն արդեն կարելի է լուծված համարել, նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով: Թերթը նշել էր, որ չհաստատված տեղեկություններով՝ Բալասանյանները ցանկանում են վաճառել նույնիսկ գարեջրի գործարանը: