Պուտինին զարմացրել է Հայաստանի բնակչին վաճառվող գազի գինը. Փաշինյան

Փաշինյանը ՌԴ նախագահի հետ զրույցի նոր մանրամասները պատմեց Ազգային ժողովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երբ ռուսաստանյան այցի ժամանակ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, թե ինչ գնով է գազը վաճառվում ՀՀ քաղաքացիներին, վերջինն անկեղծորեն զարմացել է: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանի նախագահը հիշեց, որ Գյումրի էր այցելել: Ասաց`ես հանդիպման ժամանակ մարդկանց հագուկապից հասկացա, որ մարդկանց սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, ու ասաց, որ անձամբ հրահանգել է`այնպես անել, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական: Երբ ես ներկայացրել եմ իրավիճակը,մենք պայմանավորվել ենք, որ իսկապես հասկանանք, թե ինչ է իսկապես կատարվում և փաստարկների դաշտում գանք կոնկրետ լուծումների»,- պատմեց Փաշինյանը:

Նա նաև ՀՀ ԱԺ պատգամավորներին կոչ արեց փաստեր արձանագրել և դրանք ներկայացնել ռուսական կողմին` գազի գնի հարցը իրապես լուծելու առաջարկներ ներկայացնելու նպատակով: Ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունն արդեն նման նախաձեռնություն ունի` Հայաստան մտնող գազը Տրանսգազից դեպի բաժանորդ բաշխումն իրականացնել մի քանի կազմակերպությունների միջոցով` այդ ոլորտում մրցակցություն ապահովելու ու դրա միջոցով գինն իջեցնելու համար:

Հիշեցնենք` Պուտինը Գյումրի էր այցելել 2013 թվականի դեկտեմբերին։

Նշենք նաև, որ Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։