Երևանի և Բաքվի միջև օպերատիվ կապը գործում է. Նաղդալյան

Կապն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Կապն իսկապես գործում է, դա պարզապես հայտարարություն չէ»,- ասաց Նաղդալյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք այն գործել է Արցախում հայ զինծառայողի վնասվածք ստանալուց հետո։

«Կարող եմ միայն մի բան ասել։ Օպերատիվ կապը հաստատվել է», — ասաց Նաղդալյանը։

Նա նշեց, որ կապն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը։

Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանին խաղաղություն պահպանելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։

Հոկտեմբերի 20-ին նա հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկատվություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին և հակառակ ուղղությամբ։