Երեք օր խնդրեցին. «աջակողմյան իրարանցման» հեղինակները Փաշինյանի պատասխանին են սպասում

Հայաստան ներկրվող աջակողմյան մեքենաների հարցը լուծվելու է երեք օրից, անմիջապես այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաը հայտնի իր կարծիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աջակողմյան մեքենաների ներկրողները, որոնք հոկտեմբերի 24–ին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետում բողոքի ակցիա էին կազմակերպել, Հայաստանի իշխանություններին խնդրի լուծման համար երեք օր են տվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտո գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը, որն ակտիվիստների շարքում է։

Աջ ղեկով մեքենաները ՀՀ ներկրելու հարցը չի լուծվում․ «Բագրատաշենին» «կաթված» է սպառնում

Նշենք, որ սա երկրորդ բողոքի ակցիան է հայ–վրացական սահմանին։ ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ մի շարք անհաջող հանդիպումներից հետո ներմուծողները որոշել են ծայրահեղ միջոցների դիմել` փակել հսկիչ անցակետը։

Մի քանի գործարար հանդիպել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի և նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ։ Սակայն այդ հանդիպումն էլ անօգուտ եղավ։

Հոկտեմբերի 22-ին աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ցուցարարների հետ հանդիպել էին պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեն Սիմոնյանը։ Ավելի ուշ նրանց միացել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Կողմերը պայմանավորվել էին, որ օրվա երկրորդ կեսին նախարարությունում կրկին կքննարկեն փակուղուց դուրս գալու տարբերակները։

«Մենք հետաձգել ենք բողոքի ակցիան ու Երևան ենք վերադառնում, քանի որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ կապ հաստատեց ու նշեց, որ երեք օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքը կպատասխանի այդ հարցին», – ասաց Սարգսյանը։

Ներկրողները հույս ունեն, ոչ վարչապետն այդ հարցին դրական լուծում կտա։ Նախևառաջ` նրանք պահանջում են, որ թույլ տրվի հուլիս–օգոստոս ամիսներին ձեռք բերված մեքենաների  մուտքը Հայաստան, նաև աստիճանաբար հանել ներկրելու, իսկ հետագայում աջակողմյան մեքենաները շահագործելու արգելքը։

«Աջ ղեկով» մեքենաների խռովությունը. ներկրողները կաթվածահար են արել հայ–վրացական սահմանը

«Նրանք ասում են, որ արգելքը չեղարկելու համար մոտ 4  ամիս է հարկավոր։ Մենք պատրաստ ենք սպասել։ Հակառակ դեպքում ծայրահեղ միջոցների կդիմենք», – զգուշացրեց Սարգսյանը։

Հունվարին քննարկում էին, որ արգելքը ժամանակավոր է լինելու, մինչև հոկտեմբերի 1–ը։ Մարտին ՀՀ խորհրդարանը ընդունել էր ուղղումներ օրենքում ու փոխել էին ավելի վաղ սահմանված ժամկետներն ու վերջնականապես արգելել էին աջակողմյան մեքենաների ներկրումը։ Սակայն հասարակությունն ու ներկրողները, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, չէին տեղեկացվել մտցված փոփոխությունների մասին։ Աջակողմյան մեքենաների արգելքի մասին օրենքն ուժի մեջ էր մտել ապրիլի 1–ին։

Հույս ունենալով, որ հոկտեմբերի 1–ին կառավարությունը կչեղարկի օրենքը, ներկրողները օգոստոսին գնել են մի քանի մեքենաներ,  որոնք Ճապոնիայից աստիճանաբար վրացական Փոթի են հասնում։ Ներկրողները հիմա ստիպված են կամ փոխել ղեկի տեղակայումը Վրաստանի տարածքում ու միայն դրանից հետո Հայաստան մտցնել, կամ թողնել մեքենաները հայ–վրացական սահմանի տարանցիկ գոտում։

Տվյալ պահին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետում 150 մեքենա կա, սակայն մի քանի օր հետո ներկրողները մտադիր են աջակողմյանների ավելի մեծ խմբաքանակ ներմուծել ու մեքենաները տարանցիկ գոտում թողնել։  Դա կարող է կաթվածահար անել հսկիչ–անցակետի գործունեությունը։

Հայաստան բերվող «դանդաղ գործարկման ռումբերը». աջ ղեկով մեքենաներ ներկրողները սպառնում են

Տարանցիկ պետհամարանիշներով ավտոմեքենան իրավունք ունի գտնվել հարևան Վրաստանում ընդամենը 60 օր. նշված ժամկետը լրանալուց հետո հայ վարորդները պետք է օրական 5 լարի տուգանք վճարեն (մոտ հազար դրամ)։ Եվ այդպես մեքենան կարող է գտնվել Վրաստանի տարածքում ևս 30 օր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ներկրողները փակել էին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետը` ի նշան աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու դեմ արգելքի։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում շտկումներ կատարելը, քանի որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է սահմանվելու «աջ ղեկով» մեքենաներ ներկրելու վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020թ-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։