ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Լիբանանի հայերը շատ էին սպասում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ավելին, նա տեղի սփյուռքին վստահություն ներշնչեց։
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով հոկտեմբերի 20-21–ին Բեյրութ էր մեկնել։
Լիբանանում Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կողմերը ապագայի ծրագրեր, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների աշխուժացման հարցեր են քննարկել։
«Փաշինյանն էր Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպման նախաձեռնողը։ Մեր համայնքը` լավ օրինակ է նրա, թե ինչպես այդքան երկար ժամանակի ընթացքում կարելի է պահպանել ազգային ինքնությունը, մշակույթը, ավանդույթներն ու լեզուն` Հայաստանից դուրս», – ասել է Կիտանյանը։
Նրա կարծիքով` Լիբանանի համայնքը իր գործունեությամբ և ազգային ինքնության նկատմամբ իր վերաբերմունքով օրինակ է ծառայում հայկական սփյուռքին ընդհանուր առմամբ։
Նա նշել է, որ Լիբանանի հայերը վաղուց էին ուզում ծանոթանալ «թավշյա հեղափոխության» առաջնորդի հետ։ Նրա կարծիքով` սփյուռքի ներկայացուցիչները, թեև պատմական հայրենիքից հեռու են ապրում, սակայն սթափ գնահատում են Հայաստանում առկա իրավիճակը։
«Փաշինյանը Լիբանանի հայերին վստահություն է ներշնչում, բոլորս սպասում ենք, որ նա փուլ առ փուլ կիրականացնի հեղափոխության ժամանակ հնչեցրած իր խոստումները», – ասել է նախարարը։
Կիտանյանը նշել է, որ Լիբանանում տեղի ունեցած հանդիպումներն ավելի շուտ ճանաչողական բնույթ էր կրում, քան աշխատանքային։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Լիբանանի կառավարության ղեկավարը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպելու վերաբերյալ` իրենց երկրներում ներքին խնդիրները լուծելուց հետո։ Հաջորդ անգամ բանակցությունները կկայանան արդեն Երևանում։ Այդ ժամանակ էլ կքննարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ծրագիրը։
2018 թվականի մարտին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ կողմերը հայ–լիբանանյան ավելի քան 22 համաձայնագիր պետք է քննարկեին։
«Համաձայնագրերի մի մասն արդեն իրականացվում է, մյուս մասը` լրացուցիչ մշակում է պահանջում։ Այդ ամենն անհնար էր լուծել Փաշինյանի այցի ժամանակ», – ասել է Կիտանյանը։
Ըստ ամենայնի, նախագծերի մանրակրկիտ քննարկումը տեղի կունենա Երևան լիբանանյան պատվիրակության ապագա այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ նախագահ Միշել Աունի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր այցելել 2018 թվականի փետրվարին։
Լիբանանի հայ համայնքը երկրի 7 ամենախոշոր համայնքներից մեկն է։ Տարբեր տվյալների համաձայն, այստեղ մինչև 200 հազար հայ է ապրում։ Լիբանանում հայերի նշանակության մասին խոսում է տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու գործունեությունը` քաղաքականությունից մինչև մշակութային։ Լիբանանի ամենահայտնի ոսկերիչները նույնպես հայեր են։
Մեր հայրենակիցները առաջատար դիրք են զբաղեցնում նաև Լիբանանի քաղաքական կյանքում։ ԱԺ–ում հայազգի 6 պատգամավոր կա, որոնք ընտրվել են համահանրապետական ընտրությունների ընթացքում։