ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. 1991թ–ից` մահապատիժը, իսկ 2003թ–ից առ այսօր` ցմահ ազատազրկումը Հայաստանում կիրառվել է որպես հաշվեհարդար։ Այսօր ԱԺ–ում, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված համաներման մասին նախագծին։
Պատգամավորը նշեց, որ համաներումով ազատված անձանց 1/3-ը 1 տարվա ընթացքում դարձյալ վերադառնում են ազատազրկման վայրեր։
«Պետք է հստակ արձանագրել, որ համաներման անհրաժեշտությունն առաջացել է դատարանների ոչ արդյունավետ գործելու, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելու հետևանքով»,– ասաց Իսայանը։
Նա նշեց նաև, որ այսօր Հայաստանում 93 ցմահ դատապարտյալ կա, որոնցից 14–ը դատապարտվել են բանակում կատարած հանցագործությունների համար։
«Բանակի գործերը պետք է հստակ տարբերվեն բազմակի կատարված հանցագործություններից։ Նրանցից շատերն արդն 20 տարի կրում են պատիժը, իսկ հանցագործությունները կատարել են մինչև 20 տարեկանը լրանալը»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ մի խումբ պատգամավորներ առաջիկայում հանդես են գալու նման օրենսդրական նախաձեռնությամբ։
Այսօր ԱԺ–ի մուտքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ցմահ դատապարտվածների հարազատները, ովքեր պահանջում էին փոխել ներկայացված նախագիծն ու համաներում կիրառել նաև ցմահ ազատազրկվածների նկատմամբ, քանի որ իրենց տեղեկություններով համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին գաղտնի քննարկման արդյունքում ՀՀ կառավարությունն ընդունել էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» որոշման նախագիծը, որն այժմ արդեն ներկայացվել է ԱԺ։
Ոչ պաշտոնական տվյալներով ներկայացված նախագծով համաներումը տարածվելու է 650-800 դատապարտյալների վրա։ Նախագիծն ԱԺ օրակարգում դեռ չի ընդգրկվել։
Ամենայն հավանականությամբ, այն պետաիրավական հանձնաժողովում քննարկվելուց հետո կընդգրկվի Աժ հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ, եթե, իհարկե, խորհրդարանը մինչ այդ շարունակի գործել։