Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

Հայկ Մարությանը ստորագրել է որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշման համաձայն` Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվեց Արթուր Մեսչյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում»,- նշված է քաղաքապետրանի պաշտոնական կայքում:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստացել զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել էր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվել էր պաշտոնից և վերադարձել Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը: