ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը վերականգնում է իր մասնագիտացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։ Այդ մասին լրագրողներին ասաց Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստեղծելով ընդհանուր շուկա` պետք է հոգ տանել այն սեփական ապրանքներով լցնելու մասին։ Եվ ցանկալի է, որ այդ ապրանքները ոչ միայն հումքային լինեն, այլ նաև բարձր տեխնոլոգիական` բարձր ավելացված արժեքով», — ասաց նախագահի խորհրդականը։
Գլազևի կարծիքով` այդ տեսանկյունից Հայաստանը համարվում է զարգացած երկիր` հետագա զարգացման մեծ ներուժով։
Հայաստանում հաշվողական տեխնիկայի, ընդհանուր առմամբ բարդ մեքենաշինության բազա է ձևավորվել։ Եվ դեռ խորհրդային տարիներին հայկական տնտեսության եզրափակիչ գործառույթը հիմնվել է վիթխարի կոոպերացիայի վրա։
«Հաճելի է տեսնել, որ Հայաստանի մասնագիտացումն այսօր վերականգնվում է։ «Ռոստեխ» կորպորացիայի և հայկական ձեռնարկությունների ակտիվ համագործակցությունը, որը միավորում է Ռուսաստանում բարձր տեխնոլոգիական ընկերությունների բազմազանությունը, ինչպես նաև ԵԱՏՄ հսկայական շուկան լուրջ հնարավորություններ են ստեղծում երկրի տեխնոլոգիական զարգացման համար», — նշեց Գլազևը։
Նա համոզված է, որ միավորման շրջանակում արդյունաբերության զարգացման հիմնադրամ ստեղծելը, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի ուժեղացումը թույլ կտան նոր ֆինանսական հոսքերն ուղղել Հայաստանի արդյունաբերական հատվածի զարգացմանը։